English Russian
Գլխավոր էջ » 2013 » Դեկտեմբէր » 16 » Թութակ
21:50
Թութակ
 Հայտնի է թութակների ավելի քան 300 տեսակ: Առավել հանրահայտ են ավստրալական կակադուներն ու ռոզելաները, աֆրիկյան անբաժանները, ամերիկյան արաներն ու ամազոնները:
Գունագեղ, կարճ պարանոցով, խոշոր գլխով, կեռ ու հզոր կտուցով թռչուններ են: Ապրում են Աֆրիկայի, Ամերիկայի և Ավստրալիայի արևադարձային անտառներում:
Թութակները լինում են տարբեր չափերի: Ալիքավոր թութակի երկարությունն ընդամենը 18 սմ է, իսկ հարավամերիկյան հսկա արա թութակինը՝ մինչև 1 մ: Փետուրները գունավորված են վառ կանաչ, կապույտ, կարմիր, դեղին, հազվադեպ` սև կամ մոխրագույն: 
Թութակների ոտքերը գերազանց հարմարված են մագլցելուն: Յուրաքանչյուր ոտքի 2 մատներն ուղղված են առաջ, երկուսը՝ հետ, և միասին կազմում են շատ ուժեղ աքցաններ: Թութակների մեծ մասի թևերը լավ են զարգացած, և նրանք արագ են թռչում: Կան նաև չթռչող թութակներ: Օրինակ՝ Նոր Զելանդիայում ապրող բվեճանման թութակը միայն քայլել գիտի և վտանգի դեպքում թաքնվում Է ծառերի արմատների մեջ գտնվող բնում:
Թութակները սնվում են պտուղներով, սերմերով, բողբոջներով, երբեմն՝ միջատներով: Նրանք կտուցով ջարդում են բույսերի պտուղների ու սերմերի կեղևն ու սնվում միջուկով: Խոշոր թութակները կարող են ջարդել ամենաամուր ընկույզը: Կտուցը նրանց նաև օգնում է մագլցելու ծառերի ճյուղերով:
Ապրում են երամներով: Բնադրում են ծառերի փչակներում, ժայռաճեղքերում, երբեմն՝ գետնին: Դնում են 1–12 (հաճախ՝ 2–5) սպիտակ ձու: Թխսում է էգը կամ
Կարմիր արա
արուն: Ձագերը ձվից դուրս են գալիս մերկ, անօգնական և կույր: Ձագերին խնամում են արուն ու էգը:
Բնության մեջ թութակները միմյանց հետ հաղորդակցվում են սուր, ականջ ծակող ճղճղոցով կամ մեղմ ճռվողյունով: Նրանք հետաքրքրասեր են, հնարամիտ, լավ ընտելանում են, առանձին տեսակներ (ժակո, կակադու, ամազոնների մի քանի տեսակներ) ընդունակ են արտաբերելու բառեր և անգամ նախադասություններ:
Կակադու ինկա
Ժակո
Դիտումներ: 1222 | Ավելացրեց: Hovik | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]